ՄԻԵԴ-ը բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի և Սասուն Միքայելյանի բողոքներն ընդդեմ ՀՀ-ի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Հայաստանի դեմ դատական հայցի վերաբերյալ վճիռը: Որոշմամբ Հայաստանի կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 3 հոդվածով: Արզումանյանը ՄԻԵԴ-ում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցը: Կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։

Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից։

Եվրադատարանը հրապարակել է նաև ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի դեմ դատական հայցի վերաբերյալ վճիռը: 2009-ին ՄԻԵԴ ներկայացրած հայցադիմումը վերաբերում է Միքայելյանի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի խաղաղ հավաքներին մասնակցելու համար:

Եվրադատարանը հաստատել է, որ Սասուն Միքայելյանի գործի նախաքննության ժամանակ թույլ չեն տվել Միքայելյանի դեմ վկայություն տված անձանց հրաժարվել դրանցից, Միքայելյանն էլ զրկվել է իր դեմ վկայած անձանց հարցաքննելու և իր անունից վկա կանչելու իրավունքից։ Դատարանը նաև համարել է, որ խախտվել է խոսքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող կողմը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։ Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ներպետական ատյանները սպառելուց հետո գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ: