Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է  1908 թվականի օգոստոսի 31-ին՝ Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։

«Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:

Հետաքրքիր փաստեր և պատմություններ Վիլյամ Սարոյանի մասին

1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրում գրել  է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացել է Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվել է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Վիլյամ Սարոյանը մտերիմ է եղել Չարլի Չապլինի հետ, որի հարևանությամբ էլ բնակվել է։ Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։ 

Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչո՞ւ համար…

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Պատմում է Վիլյամ Սարոյանը.

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.

– Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

– Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…

Շատ ամնչցա:

***

Քսանական թվականներուն էր, դեռ մանչ էի։ Ազգական մը ունեինք` Կարապետ Սարոյան։ Ունևոր մարդ էր։ Օր մը բարեգործականի մարդիկ անոր քով եկան, թե «Կարապե՛տ, դրա՛մ տուր»։ «Որու՞ն համար է», հարցուց։ «Որբերուն համար է», ըսին։ «Է, եթե որբերուն համար է, կուտամ»։ Մարդը տվավ։

Անցավ տասը, թե ավելի տարի, չեմ հիշեր։ Բարեգործականի նույն մարդիկ դարձյալ եկան, թե` «Կարապե՛տ, դրամ տուր»։ «Որու՞ն համար է»։ «Որբերուն»։ «Եղբա՛յր, այդ որբերը չմեծցա՞ն»։ «Այս էլ որբերուս որբերուն համար է», ըսին։ Ատանկ է, մենք բոլորս մինչև հիմա ալ որբ ենք։

***

Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս։ Գիտեին, անշուշտ, որ հայ եմ։ Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց. «Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ»․․․։ «Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել-թափել գիտնա»․․․։ Թրքուհին անուշ մը ծիծաղեց։ Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ․․․ Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա․․․։