Արծաթե գոտիների ցուցադրություն` նվիրված հայ-իրանական մշակութային համագործակցությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ եւ արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի  է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Գոտիները կրկնօրինակված են պատմական Հայաստանի մեծագույն հոգեւոր կենտրոններից մեկի՝ Իրանում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի պատերի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Ծրագրի բուն առաքելությունն է պատրաստել 12 արծաթյա գոտիներ՝ խորհրդանշելով Քրիստոսի 12 աշակերտներին, եւ նրանց հանդերձներն ու գոտիները հանձնել Սուրբ Թադեոսի վանքին՝ մշտական ցուցադրության:

Ծրագրի նպատակն է նպաստել հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսեւորման պահպանությանն ու նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջության ներկայացմանը: Միեւնույն ժամանակ ծրագիրը միտված է խթանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրերի հանրահռչակումը եւ հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

Սբ. Թադեոսի առաքյալի վանքը եւ նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության ու շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության դրսեւորումներ են:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ միջազգային ասպարեզում նմանօրինակ նախադեպ չի եղել, որ նյութական մշակույթը (հուշարձաններ) առնչվեր ոչ նյութական մշակութային ժառանգության հետ. «Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքներին մեծ կարեւորություն եւ հոգածություն է տրվում՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր կողմերից այցելելու Սբ. Թադեոսի վանք, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»:

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան իր հերթին նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ խորը արմատներով, եւ կարիք չկա այն ներկայացնելու:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նույնքան ուշադրության կենտրոնում է պահում իր տարածքում գտնվող եկեղեցիները, որքան մզկիթները: Մեր ժողովուրդները գիտեն, թե ինչ է մշակույթը, եւ նրանց հատուկ է փոխադարձ հարգանքը կրոնների եւ կրոնական մշակույթների հանդեպ»,- ասել է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան:

Արծաթե գոտիների վարպետը Լեւոն Պուչատյանն է: Նա ներկայացրել է պատկերները եւ դրանց խորհուրդները. օրինակ՝ արալեզ շները վերակենդանացնում էին զինվորներին, շունը լեզվով պահում է օձին՝ չարիքը, որպեսզի չարությունը չտարածվի աշխարհում եւ այլն:

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան ընդգծել է, որ 2022  թ. հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, եւ նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Նշենք, որ հայ-իրանական մշակութային համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում է: Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնին եւ ակտիվորեն մասնակցում կենտրոնի իրականացրած ծրագրերին։ Այդ համագործակցության շրջանակում 2020 թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսեւորում: