Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ

Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այսպիսի հայտարարություն է տարածել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Նա հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:

«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:

Նրա խոսքով՝ դաշինքը շահագրգռված է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները կարմիր գիծ լինեն ՆԱՏՕ-ի համար»:

Օգոստոսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողմ է ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդմանը Սև ծովում: