Մենք կարևոր ենք համարում երկու կողմերի հռետորաբանության չափավորումը․ Սերգեյ Լավրով

Անհրաժեշտ է չափավորել ԼՂ հակամարտության երկու կողմերի հռետորաբանությունը։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ մենք ամբողջովին հակված ենք փաստաթղթերին, որոնց մեր առաջնորդները հավանություն են տվել եռակողմ ձև աչափով 2020-ի նոյեմբերի 9-ին և ս․թ․ հունվարի 11-ին։ Այժմ ես ելնում եմ նրանից, որ խոսքը ոչ թե գործընթացի վերսկսման, այլ արդեն ստորագրվածի կատարման մասին է։ Դրա համար պետք է ապահովել հուսալի անվտանգություն, և, իհարկե, սկսեն վստահության վերականգնումը։ Այստեղ հատուկ դեր ունի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական կապերի վերականգնման աշխատանքներով։ Դա շատ կարևոր միջոց կլինի։ Մենք կարևոր ենք համարում երկու կողմերի հռետորաբանության չափավորումը, որը պայմաններ կստեղծի վերջնական, լիարժեք կարգավորման համար, ինչում ես չեմ կասկածում»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ գոհ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունից, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

«Հուսով ենք, որ այդ աշխատանքային խմբի գործունեությունը և հաղորդակցության ապաշրջափակումը կօգնի ոչ միայն Հարավային Կովկասի տնտեսական աճին, այլև ավելի հուսալի հիմքեր կապահովի ողջ տարածաշրջանի քաղաքական կարգավորման և բարգավաճման համար»,- ասել է Սերգեյ Լավրովը: