Գերությունից վերադարձած Արմենը հայտնվել է կադրերի ռեզերվում․ Թագուհի Թովմասյանը խոսել է հետը

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանին: Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ  օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել:

Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել:

Բացի այդ, զինծառայողները Պաշտպանության նախարարության հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրա կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել:

Արմենը հավելեց, որ պահանջել է իրեն ծառայության նշանակել մեկ այլ զորամասում, եթե ոչ, ապա զորացրել: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ինչ իրեն չեն զորացրում, նույնիսկ զինվորական գրքույկը չեն տալիս: Նա պահանջում է իր զինվորական գրքույկը, որն իրեն խիստ անհրաժեշտ է այլ ոլորտում աշխատանքի անցնելու համար:

Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:

Հետևողական եմ լինելու և իմ հնարավորությունների սահմաններում զբաղվելու եմ նրա խնդիրներով՝ փորձելով հասնել դրանց լուծմանը»: