Կասեցվել է Բերդավանի գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի եղել:

Նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաև ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Նաև՝ պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում: «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: