ԱԺ-ում քննարկվում է հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ հարցը

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ հարցը։

Հանձնաժողով նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս հավաքի նպատակն է լրագրողական հանրույթի լսելի լինելու հրամայականը, որը խախտվել է ԱԺ ղեկավարության կողմից և լրագրողներին առնչվող փոփոխություններ են կատարվել, որոնք չեն ճշտվել լրագրողական հանրույթի ներկայացուցիչների կողմից, իրականացվել են լրագրողների աշխատանքի սահմանափակումներ խորհրդարանի շենքում և լրագրողներից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել առաջարկ-դիտողություն ներկայացնել որոշման կապակցությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Իրավական ակտը, որով սահմանափակվում է լրագրողների գործունեությունը ԱԺ շենքում, որոշակիորեն հակասում են Սահմանադրության 51 և 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու ու ստանալու ազատությունը և մամուլի ազատությունը։

Արձանագրենք, որ սահմանափակումը տրված չէ օրենքով և, հետևապես, այն իրավաչափ չէ։ Ամենաուշը վաղը մենք արդեն մուտքագրելու ենք հայցադիմումը վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որը վերաբերում է անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքին, որը որևիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության, տրամաբանության մեջ»։

«Շատ զարմանում եմ, որ մենք բոլորս զարմանում ենք։ Ինչի՞ վրա ենք զարմանում։ Այս տենդենցը նո՞ր է։ 3 տարի առաջ դեռևս լրատվամիջոցների ղեկավարները, մեդիա-կազմակերպություններ  հայտարարություններ են չէ՞ արել բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական ցանցերը մի օգտագործեք պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու համար։ Հաշվի՞ է առնվել, իհարկե, ոչ։ Զարմանում ե՞ք, որ թիրախավորվում են լրագրողներն ու լրատվամիջոցները, մի զարմացեք, ի սկզբանե այդպես է եղել ու հիմա շարունակվում է»,- այս մասին քննարկմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, հավելելով, որ ավելի վատ սահմանափակումներ են լինելու, «քանի որ այս իշխանությունը՝ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը, շատ լավ է հասկանում մեդիայի դերը»։

Սաթիկ Սեյրանյանի խոսքով, բոլոր սահմանափակումները պետք է անհապաղ վերացվեն, որոնք միայն մամուլի աշխատողների խնդիր չէ, այլ պատգամավորների գործունեության թափանցիկության հարցն է, հաշվետվողականության, մեդիայի աշխատանքի հարցն է։