ԱՊՀ երկրներից մոտ 200 միգրանտներ արտաքսվել են Մոսկվայից, 17.5 հազարի մուտքն արգելվել է. Սոբյանին

Օրենքի ու կարգի խախտման համար Մոսկվայից արտաքսվել է ԱՊՀ երկրներից մոտ 200 մարդ, 17,5 հազարին արգելվել է մուտք գործել երկիր։  «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ, իր անձնական բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Վերջերս մի քանի լուրջ իրավախախտումներ եղան, զանգվածային ծեծկռտուք: Այդպես չի լինի: Մենք գոհ չենք նման հյուրերից: Այդ իսկ պատճառով ոստիկանությունը վերջին ամիսներին խիստ գործողություններ է իրականացրել: Հարուցվել է 800 քրեական գործ, մոտ 200 մարդ արտաքսվել է, 17.5 հազարին արգելվել է մուտք գործել երկիր»,- հայտնել է Սոբյանինը:

Քաղաքապետը նաև նշել է, որ ԱՊՀ երկրներից հարյուրհազարավոր միգրանտներ ավանդաբար գալիս են Մոսկվա` աշխատանքի տեղավորման նպատակով, և նրանցից շատերն իրենց պահում են օրինապահ:

«Ոմանց դա կարող է չափազանց թվալ, բայց այդպես էլ կշարունակվի: Մոսկվան հյուրընկալ քաղաք է: Բայց բարի եղեք հյուրընկալվելիս դրսևորել պատշաճ վարք»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը։