ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում՝ Քաբուլի ահաբեկչությունից հետո

ԱՄՆ-ի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքը, օդային հարված են հասցրել Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում և ոչնչացրել են ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

«ԱՄՆ-ի զինված ուժերը իրականացրել են ահաբեկչության դեմ պայքարի լայնածավալ գործողություն ԻՊ-ի գործողությունների պլանավորողի դեմ: Անօդաչուի միջոցով օդային հարված է հասցվել Նանգարհար նահանգում: Նախնական տվյալներով, թիրախը ոչնչացվել է, ոչ մի քաղաքացիական անձ չի զոհվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օդային հարվածը հաջորդել է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակմանը, որին զոհ գնաց 13 ամերիկացի զինվորական: Միևնույն ժամանակ, Պենտագոնը չի հայտնել, թե արդյոք գործողությունը կապված է իրականացված ահաբեկչության հետ: