Աշխարհի բոլոր առաջատար երկրները «լռությամբ աջակցում են» Թուրքիային

Թուրքիայի ու թուրքական խամաճիկների հանցագործություններին «ուշադրություն չդարձնելու» քաղաքականությունը, որն իրականացնում են աշխարհի մի շարք երկրներ՝ ԱՄՆի և Իսրայելի գլխավորությամբ, տալիս է իր դառը պտուղները: Թուրքական հանցավոր գործողություններին «ուշադրություն չդարձնելը»՝ դա այսպես կոչված «պասիվ օգնություն և աջակցություն» է թուրքական էքսպանսիոնիզմին: Ցավոք, դա հավասարապես վերաբերում է այն երկրներին, որոնք դեմ են հանդես գալիս արևմտյան պետությունների և Իսրայելի հատուկ ծառայությունների գործողություններին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում: Հետևաբար, վերլուծելով այս իրողությունը, մենք ստիպված ենք առաջ քաշել այն ենթադրությունը, որ կա ինչոր գաղտնի, անդրկուլիսային համաձայնություն Թուրքիայի վերաբերյալ, կամ նույնիսկ՝ հաստատուն համաձայնություն, մի կողմից Արևմուտքի և Իսրայելի, և մյուս կողմից Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև: Այդ եվրասիական երեք տերությունները պարզապես չեն կարող շահագրգռված լինել Թուրքիայի հզորացմամբ, և եթե նրանք չեն սկսում ակտիվորեն հակադրվել Անկարային, ապա ճիշտ է ենթադրել, որ նրանք Թուրքիայի հարցում ինչ-որ դավադրության մեջ են Արևմուտքի և Իսրայելի հետ:

Իսկ Թուրքիան շտապում է աշխարհի առաջատար տերությունների օգնությունից 200- տոկոսանոց օգուտ քաղել: Արդյունքում տուժում են այլ երկրներ ու ժողովուրդներ: Մենք արդեն գրել ենք, որ Անկարան պահանջում է, «օրինականացնել» Կիպրոսի Հանրապետության՝ ի դեպ, Եվրամիության (ԵՄ) անդամի մասնատումը: Օգոստոսի 25-ին թուրքական իշխանամետ «Daily Sabah» թերթը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա կուսակցության պաշտոնական խոսափողն է, գրեց, որ Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ղեկավար («Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահը»…) ոմն Էրսին Թաթարը «Anadolu» պետական ​​գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե «ՀԿԹՀ»-ը կարող է սեպտեմբերին բանակցել ՄԱԿ-ի և կիպրոսցի հույների հետ Նյու Յորքում՝ պայմանով, որ նրանք ճանաչեն Կիպրոսի մասնատումը: Ըստ օկուպանտի, Կիպրոսի հակամարտության լուծումը Կիպրոսի տարածքային ամբողջականության և ֆեդերալիզացիայի հիման վրա ուղղված է միասնական Կիպրոսի գոյության շարունակմանը և «ՀԿԹՀ»-ի վերացմանը: «Daily Sabah»-ն այս նյութում բացահայտում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը. «Մինչդեռ Հունաստանը և Կիպրոսի հունական վարչակազմը աջակցում են Կիպրոսի ֆեդերացիային, Թուրքիան և «ՀԿԹՀ»-ն հանդես են գալիս «երկու պետության՝ երկու ժողովուրդների համար» տարբերակով լուծման օգտին՝ արտացոլելով կղզու իրողությունները… Կղզին բաժանվել էր 1964 թվականից, երբ էթնիկ հարձակումները կիպրոսցի թուրքերին ստիպեցին անկլավներ մտնել իրենց անվտանգության համար: 1974 թվականին Կիպրոսի հույների հեղաշրջումը, որի նպատակն էր՝ կղզու միացումը Հունաստանին, հանգեցրեց Թուրքիայի՝ որպես երաշխավոր տերության ռազմական միջամտությանը: «ՀԿԹՀ»-ը հիմնադրվել է 1983 թ.: Կիպրոսի հունական վարչակազմը Հունաստանի աջակցությամբ 2004 թվականին դարձավ Եվրամիության անդամ, թեև նույն տարի կայացած հանրաքվեի ժամանակ կիպրոսցի հույների մեծ մասը մերժեց ՄԱԿ-ի կարգավորման ծրագիրը, որը կոչ էր անում միավորված Կիպրոսին միանալ ԵՄ-ին»: Բացի դրանից, թուրք օկուպանտների ներկայացուցիչը խոստովանեց, որ Կիպրոսում ապօրինի պետական կազմավորումը գոյություն ունի թուրքական օկուպացիոն ուժերի շնորհիվ. «Մեր միակ երաշխիքը այստեղ՝ աջակցությունն է Թուրքիայից, դա այն է, որ թուրքական զինված ուժերը շարունակել են իրենց ներկայությունը այստեղ նաև 1974-ից հետո, և Թուրքիան փաստացի երաշխավորում է այդ աջակցությունը»:

Այսպիսով, ինչպես և մեկ ամիս առաջ, Թուրքիան և Կիպրոսի թուրքերը պահանջում են օրինականացնել Կիպրոսի Հանրապետության մասնատումը: Եթե ​​աշխարհը ցանկանար, ապա նույն ԱՄՆ-ը և Իսրայելը, ԵՄ-ը, միավորված լինելով նույն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ, հաշված օրերի ընթացքում վերջ կդնեին թուրքական օկուպացիային Կիպրոսում: Բայց՝ ոչ, համաշխարհային տերությունները նման մտադրություններ չունեն: Սա նշանակում է, որ աշխարհը տեսնում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի հարցում, ոչ այլ բան, քան՝ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի հարցում Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը: Հիշեցնենք, որ դա այն տարածքն է, որտեղ թուրք զավթիչներն իրականացրել են հույների և հայերի ցեղասպանությունը, իսկ այնուհետև՝ անցել էթնոցիդի:

Կիպրոսի հարցում անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ թուրքերը ագրեսիվ են նաև Սիրիայի և Իրաքի տարածքների նկատմամբ, որոնցում բնակվում են տարբեր քրդական ցեղեր: «Քրդական բանվորական կուսակցության (PKK) ահաբեկչության դեմ պայքարի» կարգախոսի քողի տակ, Թուրքիան ինքն է ահաբեկում Իրաքի և Սիրիայի քրդաբնակ շրջանները: Օրինակ, նույն օրը, երբ օկուպանտ Թաթարը «բամբասում էր» Կիպրոսի մասնատումն օրինականացնելու անհրաժեշտության մասին, ինչպես հաղորդում է քրդական «Rudaw » գործակալությունը, թուրքական ռազմական ինքնաթիռներն ավելի ու ավելի հաճախ են ռմբակոծում… բոլորովին խաղաղ գյուղացիների այգիներն ու դաշտերը, հաճախ՝ նույնիսկ ոչ քրդերի:

Իրաքյան Քրդստանի բնակիչ Սալիհ Հասանը արտահայտվեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների մասին. «Թուրքիան ոչնչացրեց այս ամբողջ տարածքը՝ չխփելով PKK-ի բազային: Նրանք ավերեցին աղքատ գյուղացիների այգիները: Իսկ նրանք [պարտիզանները] կարող է՝ անցնել են այստեղ, բայց մենք PKK-ի որևէ հենակետ չենք տեսել»: Մեկ այլ բնակիչ՝ Աբդուլքարիմ Շեյխ Մարենին, խոսեց ռմբակոծության հետևանքով բնակիչների կրած հոգեբանական ցնցումների մասին. «Մենք սարսափեցինք: Երդվում եմ Ալլահի անունով, մենք կարծում էինք, որ դա մեր գյուղը գլխիվայր շուռ կտա: Այդ ցնցումից հետո կինս անկողնուց վեր չի կենում»: Իսկ օգոստոսի 27-ին արդեն ԱՄՆ-ից հայտարարեցին, որ թուրքերը օգտագործում են Վաշինգտոնի որոշակի կախվածությունը Թուրքիայից, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում, «քրդական հարցը լուծելու համար»: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սոներ Չագապտայը՝ ի դեպ, ծագումով թուրք, «Rudaw» գործակալությանը տված հարցազրույցում. «Թուրքիան օգտվեց Աֆղանստանում ստեղծված իրավիճակից՝ հարձակվելով Ռոջավայի [Սիրիական Քրդստան] վրա: Քանի դեռ Աֆղանստանը խաղի մեջն է, ես կարծում եմ, որ այս պահին Թուրքիան մեծ լծակներ ունի ԱՄՆ-ի նկատմամբ… Թուրքիան ցույց է տալիս իր ուժեղ ձեռքը՝ իմանալով, որ բացի ԱՄՆ-ի ոչ այնքան կոշտ քննադատությունից, Վաշինգտոնը քիչ բան կարող է անել՝ համոզելու համար Անկարային՝ չշարունակել այդ հարվածները»:

Այս ամենը պետք է իմանան ու հիշեն Հայաստանի և Արցախի բնակիչները: Հույների և կիպրոսցի հայերի դեմ Թուրքիայի կատարած հանցագործությունները, Իրաքի և Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի հանցագործությունները, և ահա՝ այժմ մենք տեսնում ենք, որ այդ հանցագործությունները «վերաճեցին» Հայաստանի և Արցախի հայերի դեմ կատարված հանցագործությունների: Եվ եթե Միացյալ Նահանգները «քիչ բան կարող են անել՝ համոզելու Անկարային չշարունակել» քրդերի դեմ թուրքական հանցագործությունները, որոնք, հիշեցնում ենք՝ ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակիցներն են Իրաքում և Սիրիայում, ապա պետք է կատարելապես հասկանալ, որ Թուրքիայի հետ փոխկապակցված երկրներից ոչ մեկը ոչինչ չի անի ոչ հույների, ոչ քրդերի, ոչ հայերի օգտին, նրանք ոչ մի կերպ չեն «կանգնեցնի» Թուրքիային…

Սերգեյ Շաքարյանց