Վլադիլեն Բալյանը կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. ՀՀ նախագահի ցավակցական հեռագիրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով անվանի կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

Վլադիլեն Բալյանի հեղինակած երգերն ու երաժշտությունն ունկնդրում եւ երգում են մի քանի սերունդներ: Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին, այն վերածել մեղեդու եւ հասցնել մեզ: Եվ ծնվում էին նրա ստեղծագործությունները՝ մարդու եւ բնության, երկնքի եւ երկրի մասին, սիրո, հայրենասիրական, խոհական թեմատիկայով, զգացմունքի, երեւակայության եւ իրականության ներդաշնակ համադրմամբ:

Ցավակցում եմ անվանի կոմպոզիտորի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց մեծ վիշտը»,– ասվում է նախագահի ցավակցական հեռագրում։