Թալիբները որոշել են արգելել աֆղաններին երաժշտություն լսել

«Թալիբան» շարժումը ցանկանում է արգելել երաժշտություն լսելն Աֆղանստանում, սակայն փորձում է բնակիչներին համոզել հրաժարվել երաժշտություն լսելսուց առանց պետական ճնշման: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է The New York Times-ին տված հարցազրույցում:

«Երաժշտությունն իսլամում արգելվում է, սակայն հուսով ենք, որ կկարողանանք համոզել մարդկանց նման բաներ չանել»,- ասել է թալիբների ներկայացուցիչը: Աֆղանստանի նոր կառավարությունում վերջինս կարող է զբաղեցնել տեղեկատվության և մշակույթի նախարարությունը:

Միևնույն ժամանակ Մուջահիդը վստահեցրել է, որ թալիբները չեն պատրաստվում ստիպել կանանց ծածկել դեմքը հանրային վայրերում և արգելել նրանց դուրս գալ տնից: Նա հավելել է, որ տղամարդիկ պետք է ուղեկցեն կանանց միայն երկարատև ուղևորություններում: «Եթե նրանք գնում են դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց, նրանց մահրամ (տղամարդ-խնամակալ մոտ ազգականներից) պետք չէ»,- ասել է Մուջահիդը: