Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Վահան Քերոբյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերահաստատելով Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունը, թե  ԽՍՀՄ սահմաններով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում՝ ասաց․«Անձնական տեսակետս այն է, որ այդ ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ Որոտանի բնակիչներին ռուս խաղաղապահներն են սնունդ հասցրել, և հարցին՝ ինչպես է կարգավորվելու պարենային անվտանգության խնդիրը, Քերոբյանը պատասխանեց, թե էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ, խորհրդակցություն են ունեցել, որ ապահովեն այդ շրջանների բնակիչների պարենային անվտանգությունը: «Ռուս խաղաղապահներն են հասցնում, այսօր դա էլ է տարբերակ, բայց կան տարբերակներ՝ շրջանցող ճանապարհների միջոցով հարցը լուծելու»,-նշեց Քերոբյանը: