Քովիդի համար նախատեսված 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է. Անահիտ Ավանեսյան

«1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է, և այս թվերը բավական մտահոգիչ են»,- կառավարության այսօրվա նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում  700 վարակակիր և հավելեց, որ պատրաստ են ծավալելու մինչև 2600-2700 մահճակալ։

Ըստ նախարարի՝ նախորդ օրը իրականացվել է 7114 պատվաստում, իսկ ընդհանուր առմամբ իրականացվել է 267 504 պատվաստում։

Նա հավաստիացրեց, որ որոշ պոլիկլինիկաներում պատվաստման համար հերթեր են գոյացել։

Նախարարաի տեղեկացմամբ, չինական պատվաստանյութի և «Աստրա Զենեկայի» մատակարարումների հետ կապված խնդիր չկա, Իսկ ռուսական «Սպուտնիկ վի»-ի արտադրման գործընթացի հապաղման պատճառով մատակարարման որոշակի խնդիրներ կային, բայց հաջորդ շաբաթ նախատեսում են ստանալ պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը։

Ավանեսյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը և հավաստիացրեց, որ պատվաստվել ցանկացողների թիվը դրանից կտրուկ կաճի: