Միջպետական ճանապարհը հանձնելու մանդատը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում փակել են մեր ամենակարևոր միջպետական ճանապարհը: Այդ առիթով վարչապետ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ հարցի շուրջ գնում են բանակցություններ, բայց դեպի Կապան սարերով կան այլ ճանապարհներ: Եվ այդ հպանցիկ անդրադարձից հետո քննարկումն ԱԺ-ում գնաց սովորական սցենարով՝ «բա որ ձեր ժամանակ այսինչը արեցիք կամ այնինչը չարեցիք»: Ընդդիմությունն էլ կուլ է գնում այդ օրակարգին, և երկու կողմերն էլ շատ արագ շեղվեցին իրենց սիրած թեմաների վրա:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ 5, 10 կամ 20 տարվա իրադարձություններն են այսօրվա իրավիճակի պատճառը, դա չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանի միջպետական ճանապարհը վերահսկվում է հակառակորդի կողմից, ինչը, բնականաբար, լուրջ հարված է թե՛ մեր տնտեսությանը (չմոռանանք նաև, որ այդ ճանապարհով Հայաստանը կապվում է Իրանի հետ) և թե՛ այնտեղ ապրող մարդկանց շահերին:

Դա նաև ապացույցն է այն իրողության, որ Հայաստանի զինված ուժերը, որքան էլ բուռն բարեփոխումների շրջան ապրեն, որևէ դիմադրություն ցույց չեն տալիս թշնամու ագրեսիվ գործողություններին: Բայց պետք է արձանագրենք նաև, որ այդ արտառոց իրավիճակը չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը: Օրինակ, Սյունիքի մարզի բնակիչները, որոնց կյանքը վտանգի տակ է և որոնք անմիջապես տուժում են ներքին շրջափակումից, չեն գալիս Երևան կառավարության շենքի մոտ ու չեն պահանջում լուծել խնդիրը: Գուցե իրոք մտածում են, որ այստեղ մեղքն ամբողջությամբ «նախկին իշխանությանն» է:

Գուցե վերջնականապես հիասթափվել են և կամաց-կամաց հավաքում են իրենց ճամպրուկները: Թերևս, ճիշտ էլ անում են, որ չեն բողոքում. թե չէ իշխանությունները կկասկածեն որևէ համայնքապետի՝ ցույցը կազմակերպելու մեջ և նրա դեմ գործ կսարքեն: Եթե այդ մարդիկ (ասենք, Կապանի բնակիչները) չեն բողոքում, ապա մնացած զանգվածից դժվար է ակնկալել, որ նրանք շատ հուզվեն: Չեմ նկատել այդպիսի բան:

Դրանից ես կարող եմ եզրակացնել, որ ավելի քան 600 հազար քաղաքացի, հունիսի 20-ին իրենց ընտրությունը կատարելով, իշխանությանը մանդատ է տվել նաև այդ միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու: Հենց այդ պատճառով է, որ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ հարթակներում այդ խնդիրը լրջորեն չի քննարկվում: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են:

Ի դեպ, ի՞նչ եղավ պաշտպանության նախարարը, որը հրամայել էր կրակել մեր սահմանն անցնող ադրբեջանցի զինծառայողների վրա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ»  թերթի՝ 27․08.21թ համարում։