Գորիս-Կապան ճանապարհի բացման շուրջ բանակցությունները շարունակվում են

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ճանապարհի փակվելուց բացի՝ արտառոց այլ դեպքեր այս ընթացքում տեղի չեն ունեցել, և ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի անդրադարձել Կապանի համայնքի բնակավայրերի վրա:

Գևորգ Փարսյանը պատկերացում չունի՝ ե՞րբ կավարտվեն բանակցությունները կամ ի՞նչ արդյունք դրանք կտան, բայց ամեն դեպքում շեշտում է բանակցությունների դրական ելքի անհրաժեշտությունը:

«Ես կարող եմ միայն ասել, որ բանակցությունների դրական արդյունքը խիստ անհրաժեշտություն է, որովհետև դա շատ կարևոր ճանապարհ է մեզ համար և ընդհանրապես Հայաստանի համար»,- ասել է Կապանի համայնքապետը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: