Գերմանիայում նախազգուշացրել են Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին

Աֆղանստանից մարդկանց տարհանման ուղղությամբ Գերմանիայի ռազմական գործողությունը մտել է ամենավտանգավոր փուլ, ահաբեկչական սպառնալիքները վերջին օրերին զգալիորեն աճել են։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերին:

«Մենք գտնվում ենք առավել քաոսային, վտանգավոր և զգայուն փուլում։ Մենք գիտենք, որ ահաբեկչական սպառնալիքներն էապես աճել են, դրանք ավելի կոնկրետ են դարձել»,- հայտարարել է նախարարը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել նրանց, ովքեր պլանավորում են լքել Աֆղանստանը, ինքնուրույն հասնել Քաբուլի օդանավակայան:

«Դա համապատասխանում է անվտանգության նորմերին, որոնք տալիս են իշխանությունները ԱՄՆ-ի, Ավստրալիայի և մեծ Բրիտանիայի իր քաղաքացիներին: Սա նշանակում է, որ մարդկանց տարհանելու մեր կարողությունը և մեր ինքնաթիռների ժամանումները նվազում են: Հետևաբար, մենք աշխատում ենք նրանց տարհանման վրա, որոնք նման պայմաններում ունեն երկրից հեռանալու հնարավորություն»,- հավելել է Քրամպ-Քարենբաուերը:

Նա նաև հավելել է, որ տարհանման առաջին, ռազմական փուլը շուտով ավարտվելու է՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառով: Նրա խոսքով, դրանից հետո գալու է դիվանագիտական փուլ, որի համար բանակցություններ են ընթանում ներգրավված տարբեր կողմերի հետ:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գերմանիան մինչ այժմ Աֆղանստանից հեռացրել է 45 երկրների 5.2 հազար մարդու, այդ թվում՝ 4.2 հազար Աֆղանստանի քաղաքացու, Գերմանիայի 550 քաղաքացու: