Աֆղանստանը կարող է ահաբեկչության օջախ դառնալ․ Մերկել

Միջազգային հանրությունը սխալ է գնահատել թալիբներին դիմակայելու աֆղանական ուժերի կարողությունը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում հատուկ հայտարարությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային հանրությունն ակնկալում էր, որ մարտեր  կլինեն աֆղանական ուժերի և թափ հավաքող թալիբների միջև,- ասել է կանցլերը:- Մենք թերագնահատեցինք, թե ինչ կայծակնային արագությամբ աֆղանական ուժերը կդադարեն դիմադրել»:

Ընդ որում, այժմ, նշել է Մերկելը, Աֆղանստանի՝ ահաբեկիչների հենակետ վերածման սպառնալիք կա: «Մենք չպետք է աչք փակենք այն սպառնալիքի վրա, որ ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանը կրկին կարող է միջազգային ահաբեկչական սպառնալիքի հենակետ դառնալ»,- ասել է նա:

Գերմանիայի կանցլերը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը հասել է այն նպատակին, որն իր առջև դրել էր 2001 թվականին՝ կանխել այլ երկրներում ահաբեկչական հարձակումների ծրագրումը Աֆղանստանի տարածքում: