Անընդունելի է նման իրավիճակներում լրագրողներին օթյակներից դուրս հրավիրելը. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  վստահեցրեց, որ ինքը լրագրողներին նրանց համար նախատեսված օթյակից դուրս բերելու հրահանգ չի տվել։ «Ես դահլիճում ուղիղ եթերում եմ եղել, և կլսվեր, եթե նման հրահանգ տայի»,- ասաց նա:

Սիմոնյանն անընդունելի համարեց խորհրդարանում աշխատող լրագրողներին իրենց համար նախատեսված աշխատանքային վայրից դուրս հանելը։

«Մասնավորապես, անընդունելի է նման իրավիճակներում լրագրողներին օթյակներից դուրս հրավիրելը։ Ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և Աստված մի արասցե, եթե կրկին նման իրավիճակ լինի, ես կարծում եմ, որ մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից չպետք է հանենք՝ չնայած կա մտավախություն, որ կարող է անվտանգությանն ինչ-որ բան սպառնալ։ Հետո կա կարծիք, որն ապրելու իրավունք ունի, որ ճիշտ չէ, որ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը կամ տեսանյութը, որտեղ իրեն հարվածում են, կամ ինքը գետնին է ընկնում, կամ ինչ-որ նման իրավիճակ է լինում, դուրս գա եթեր», – ասաց նա։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում կադրեր հրապարակվեցին, թե խորհրդարանում աշխատող լրագրողներին իրենց համար նախատեսված աշխատանքային վայրից ինչպես են քաշքշելով դուրս հրավիրում: