Ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր, չկա որևէ պարտադրանք. ԿԳՄՍ փոխնախարար

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

Ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը: Այս մասին այսօր՝ նախարարությունում  հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:

Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:

Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն` հատկապես Տավուշի մարզում աշխատող տղամարդ ուսուցիչներին, ինչպես նաև նրանց, որոնք դպրոցում տվյալ առարկայի միակ մասնագետն են, այս փուլում չներգրավել պահեստազորի եռամսյա զորահավաքի վարժանքներում:

«Դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի այն դեպքերում, երբ ուսուցիչը տվյալ առարկայի միակ մասնագետն է, քննարկվի այս զորահավաքի շրջանակում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը: Մենք վերապատրաստել ենք Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները սեպտեմբերից կարողանան իրականացնել ուսումնական գործընթացը` նոր չափորոշիչներով: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,– նշել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում վերջնական համաձայնություն կլինի` հաշվի առնելով նաև պաշտպանության համակարգի առաջնահերթությունները:

Եթե անգամ առարկայի միակ ուսուցիչները կանչվեն եռամսյա հավաքի, ապա  լուծումներ, իհարկե, ուսումնական պլանի և դասացուցակի ճկուն տեղաշարժերի հաշվին, կգտնվեն։ Փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի օրերին ևս առաջացել էր նման իրավիճակ, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ, սակայն ուսումնական գործընթացը չխաթարվեց։