ՌԴ ՊՆ-ը Աֆղանստանից տարհանում է ռուսաստանցիներին և ուկրաինացիներին

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, կազմակերպել է Աֆղանստանից Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ այլ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանումը, հայտնում է ռազմական գերատեսչությունը:

Դրա համար ստեղծվել է չորս ռազմական-տրանսպորտային ինքնաթիռների ավիախումբ, որոնք կենտրոնացած են Ուլյանովսկի օդանավակայանում: Դրանցում կան ռազմական բժիշկների բրիգադներ, ինչպես նաև ջրի, սննդի և ծածկոցների պաշարներ:

Ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին թալիբները հարձակվել և գրավել են բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտի մասին: Այժմ լուծվում է պետական կառավարման մեխանիզմի հարցը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նոր իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը, դա լինելու է 12 հոգուց բաղկացած խորհուրդ:

Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ -ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, կազմակերպել են Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով իրենց քաղաքացիների և արտասահմանյան առաքելությունների համար աշխատած աֆղանցիների տարհանումը: Գրոհայինները հայտարարել են, որ թույլ կտան դա անել մինչև օգոստոսի 31-ը:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել էր, որ ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին, առգրավել են անհայտ անձինք, իսկ մյուս ուղևորները տեղափոխվել են Իրան: Արտաքին գործերի նախարարությունը շուտով հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, որ Ենինն ընդհանուր առմամբ բացատրել է այն դժվարությունների աննախադեպ մակարդակը, որոնց բախվում են դիվանագետները: Նույն օրը երեկոյան օդանավը վայրէջք էր կատարել Կիևում: