Փաշինյանն անտեսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ձևաչափը չփոխելու կոչերը. Արթուր Խաչատրյան

2018-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ արեցին չփոխել բանակցությունների ձևաչափը, բայց հետո այդ կոչերն անտեսվեցին Հայաստանի իշխանությունների կողմից: Այս մասին օգոստոսի 25-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Կառավարության 2019 թվականի ծրագրում նշված էր, որ բանակցությունների ձևաչափը պետք է փոխվի:

«Հայտարարում էին, որ Հայաստանը պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և վարձկանների դեմ: Օզալը (Թուրքիայի նախկին նախագահ – խմբ.) 1993-ին ցանկանում էր զորք մտցնել Հայաստան, բայց հետո հայկական դիվանագիտությունը դա կանխեց, բայց այսօր դա չկա»,- հիշեցրեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դժվար է հաջողություն ակնկալել, երբ կադրային դիվանագետների թիվը կրճատվում է, իսկ բարձրաստիճան դիվանագետներ նշանակվում են քաղաքական նկատառումներով, ընդ որում, այդ մարդիկ շատ համեստ փորձ ունեն այս ոլորտում:

«Եթե իշխանությունները կարծում են, որ պետության սահմանները որոշվում են «Վարչական տարածքային բաժանման մասին» օրենքով, ապա ինչո՞ւ չփոխեցին այն: Նրանք երեք տարի ունեին դա անելու համար: Նաև ուզում եմ հարցնել. արդյո՞ք որևէ բան կպարզվի բանակի բարեփոխումների հայեցակարգում գլխավոր հրամանատարի դերի մասին»,- եզրափակեց պատգամավորը: