Սեպտեմբերից 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա եղանակով

«Սեպտեմբերի 1-ից ուսումնական պրոցեսն իրականացվելու է առկա տարբերակով»,- տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը։

Նա ասաց, որ այս պահին էլ շրջում են մարզերում, հանդիպումներ, խորհրդակցություններ անցկացնում դպրոցների տնօրենների հետ։

«Մենք փորձելու ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում այս ուսումնական ռեժիմը հնարավորինս պահպանել, որևէ մեկիս մոտ չկա ոչ մտադրություն, ոչ ցանկություն անցում կատարել այլ ձևի»,- հայտարարեց Անդրեասյանը։

Նա նշեց. «Պետք է հասկանալ՝ առկա ուսուցման ռեժիմի պահպանումը կախված է մեր վարքագծից, թե ինչքանով հետևողական կլինեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը»։

Առկա ուսուցումը շարունակվելու է պահպանվել այն կանոնների համաձայն, որոնք գործում էին նախորդ տարի։ Առողջապահության նախարարի որոշման համաձայն, դիմակների կրումը պարտադիր է, պահպանվում են ախտահանման հետ կապված կարգավորումները։ «Մենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատում ենք, որպեսզի դպրոցներին ապահովենք անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչներով։ Ունենք արդեն պայմանավորվածություններ, կարծում եմ առաջիկայում կկարողանանք դպրոցներին ապահովվել անհրաժեշտ պարագաններով»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով, թույլատրվում է երկարօրյա, արտաուսուցման խմբակների գործունեությունը՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Նա նաև նշեց, որ դպրոցները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն, համապատասխան պահանջների ապահովման դեպքում անցնել ուսուցման ամենօրյա ռեժիմի, և դասապրոցեսը չիրականացնել օր ու մեջ, կիսված դասարանների սկզբունքով։