Հունաստանում չպատվաստված քաղաքացիներին պարտավորեցրել են շաբաթական 1-2 անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել

Հունաստանի իշխանությունները հայտարարել են չպատվաստված բնակիչների նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառման մասին՝ նրանց պատվաստվել դրդելու համար: Առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը երեքշաբթի ասել է, որ պետական ​​և մասնավոր հատվածում աշխատող չպատվաստված աշխատակիցներից, մասնավորապես, կպահանջվի ամեն շաբաթ կորոնավիրուսի ախտորոշման 1-2 թեստ հանձնել և վճարել դրանց համար սեփական միջոցներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ այս պահանջը կգործի «2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը»: Թեստի արժեքը, որը անհրաժեշտ կլինի անցկացնել մասնավոր բժշկական կենտրոններում, 20 եվրոյից նվազեցվել է մինչև 10 եվրո:

Չպատվաստված աշխատակիցները, բացի զբոսաշրջության, սննդի և մի շարք այլ ոլորտներում աշխատողներից, պետք է շաբաթական մեկ էքսպրես թեստ հանձնեն: Չպատվաստված ուսուցիչները, զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները, սննդի ծառայության աշխատակիցները և նրանք, ովքեր ներգրավված են հեռուստահաղորդումների ձայնագրման մեջ, ստիպված կլինեն շաբաթական երկու արագ թեստ հանձնել: Պետությունը դպրոցականներին և ուսանողներին կտրամադրի երկու անվճար թեստ:

Ճամփորդողները ստիպված կլինեն  իրենց հաշվին 10 եվրո արժողությամբ էքսպրես թեստ հանձնել մասնավոր կենտրոններում՝ մեկնելուց (ինքնաթիռով, նավով, գնացքով կամ միջքաղաքային ավտոբուսով) 48 ժամ առաջ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ից միայն պատվաստված և ախտանշաններ ունեցող քաղաքացիները կկարողանան անվճար հետազոտություն անցնել պետական ​​բժշկական հաստատություններում: Չպատվաստված բնակիչները վճարովի թեստերի համար  ստիպված կլինեն դիմել մասնավոր հաստատություններ, ասել է նախարարը: