«Հըզբոլլահը» խելքի բերեց ԱՄՆ-ին և Իսրայելին

Վերջերս Լիբանանը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին`Իսրայելին զսպելու և հրեաներին ստիպելու դադարեցնել ագրեսիվ գործողությունները Լիբանանի և այլ երկրների դեմ, որոնց ընթացքում իսրայելական ռազմական ինքնաթիռները միտումնավոր մտնում էին Լիբանանի օդային տարածք: Բեյրութը պնդում է, որ Իսրայելը սպառնալիք է ներկայացնում լիբանանցիների անվտանգության և բնականոն կյանքի համար: Եվ Լիբանանը, անկասկած, իրավացի է. հրեաները «հարվածի տակ են դնում» Լիբանանի տարածքը: Բացի դրանից, Լիբանանը ստացել է էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես, վառելիքի պաշարների ապահովման խնդիր: Իրանն արդեն վառելիքով իր նավերը ուղարկել էր Լիբանան: Լիբանանյան (շիա) «Հըզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար շեյխ Սայիդ Հասան Նասրալլահը օգոստոսի 22-ին «Հըզբոլլահի» դաշտային հրամանատար Աբաս ալ-Յաթամայի հիշատակի արարողության ժամանակ հայտարարեց, որ Իրանը կրկին օգնության է հասնելու և Լիբանանին առաջիկա մի քանի օրերի ընթացքում վառելիքի երկրորդ խմբաքանակ է ուղարկում:

Ըստ «Ալ-Մանար» հեռուստաընկերության, «Հըզբոլլահի» ղեկավարը հարց է տվել, թե ինչո՞ւ Լիբանանի օդային տարածքի իսրայելական ինքնաթիռների վերջին խախտումները և քաղաքացիական ավիացիայի սպառնալիքի ստեղծումը ինքնիշխանության կողմնակիցների կողմից չեն դատապարտվել: Ինչպես շեյխ Նասրալլահն ասաց, ԱՄՆ դեսպանը և նրա նախորդները մի ամբողջ պայքար են մղում դիմադրության և իրական ազգային ուժերի դեմ, ինչի մասին վկայում են WikiLeaks-ը և այլ հետախուզական փաստաթղթերը: «Իսկ մեր նպատակն է քանդել սև շուկան, կանխել մենաշնորհը և թեթևացնել մարդկային տառապանքը: Վառելիքը, որը մենք կբերենք, լիբանանցիների համար է, ոչ թե բացառապես «Հըզբոլլահի» կամ շիաների: Կան ընկերություններ, որոնք պատրաստ են Լիբանանի ջրից նավթ և գազ արդյունահանել և վաճառել: Բացի Իրանից, կան այլ երկրներ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել, սակայն ԱՄՆ-ը վետո է դրել նրանց վրա: Քանի դեռ ճգնաժամը շարունակվում է, Իրանից վառելիք տեղափոխող նավերի թիվը աճելու է»:

Հենց սա է, որ ուժեղացնում է Իսրայելի և նրա ամերիկյան հովանավորների վախերը: Եվ, ի դեպ, նախորդ ամիսներին եղել են մի շարք միջադեպեր, երբ «անհայտ ուժերը» հարձակվել են վառելիք տեղափոխող իրանական նավերի վրա: Իհարկե, կարելի ե ստել աշխարհին և պնդել, թե, իբր, վառելիքի քողի տակ Իրանը զենք և զինամթերք է տանում Լիբանանի շիաների համար: Բայց այս դեպքում Լիբանանի վառելիքի ոլորտում ճգնաժամի հետ կապված իրավիճակն իրականություն է, ինչպես նաև իրականություն է Իրանի օգնությունը Լիբանանի բնակչությանը: Ավելին, «Ալլահի կուսակցության» ղեկավարը մատնանշեց Լիբանան հրավիրելու ծրագրերը՝ «իրանական ընկերությանը, որը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և նավթ ու գազ արդյունահանել լիբանանյան խոր ջրերում»: Միևնույն ժամանակ, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարը Իսրայելին զգուշացրել է հետևանքների մասին, եթե սիոնիստական ​​ռեժիմը համարձակվի հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող այդ իրանական ընկերության ապագա օբյեկտներին: Շեյխ Նասրալլահն զգուշացրեց նաև ամերիկյան վարչակազմին և Լիբանանում ԱՄՆ դեսպանատանը, որ տարածաշրջանում դիմադրության ուժերը թուլացնելու իրենց ծրագրերը դատապարտված են ձախողման: «Եթե ես այսօր հայտնեմ «Հըզբոլլահի» զինյալների թիվը, շատերը կսարսափեն», – ասաց նա:

Իհարկե, քչերը հավաստի գիտեն, թե ինչ բանակ ունի «Հըզբոլլահ» կուսակցությունը, չնայած գրեթե բոլոր փորձագետները համաձայն են, որ շիաների բանակը և՛ թվով է գերազանցում լիբանանյան զինված ուժերին, և՛ որակով շատ ավելի պատրաստված է: Բայց նրանց՝ «Հըզբոլլահ» կուսակցության մարտիկների իրական թիվը հայտնի չէ: Օրինակ, 2006 թ., ՑԱԽԱԼ-ում (Իսրայելի բանակ) «Հըզբոլլահի» բանակի գնահատականները տատանվում էին «ավազակախմբից» մինչև «Իրանի դիվերսիոն դիվիզիայի» մակարդակի: Սակայն, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի փորձագետների, 2017-ին «Հըզբոլլահը» ուներ ավելի քան 25 հազար լիաժամ մշտական մարտիկ և, հնարավոր է, 20.000-30.000 պահեստազոր: Սակայն իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016-ի հոկտեմբերին, «Հըզբոլլահի» բանակում կար առնվազն 65 հազար մարդ, այդ թվում՝ պահեստազորայիններ: Նրանցից 21 հազարը՝ պրոֆեսիոնալ զինվորականներ են, որոնք մշտապես զբաղվում են մարտական ​​պատրաստությամբ: 2017 թվականի ռազմական հաշվեկշռի համաձայն՝ միայն այն ժամանակ այդ կուսակցության 5-ից 8 հազար ռազմիկ կռվել էին Սիրիայում: «Հըզբոլլահի» ռազմական բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար: Ինչպես նշում են ամերիկացիներն ու իսրայելցիները, «Հըզբոլլահի» ռազմական հզորությունը որոշ չափով պայմանավորված է իր ունեցած հրթիռների քանակով և որակով: «Հըզբոլլահի» հրթիռների ընդհանուր թիվը անհայտ է, ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկներով`40 հազարից մինչև 150 հազար` զգալիորեն ավելի, քան աշխարհի շատ երկրների:

Լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության բանակի և սպառազինության մասին նույնիսկ մոտավոր տվյալները տպավորիչ են: Հետաքրքիր է, ի՞նչ թիվ կարող է տալ շեյխ Նասրալլահը, եթե վստահ է, որ դա «խելքի է բերելու» ԱՄՆ-ին և Իսրայելին, «սարսափեցնելու» է ամերիկացիներին և հրեաներին: 

Սերգեյ Շաքարյանց