Նրանք ուղղակի չեն կարող իմ հրամանի վրայով անցնել․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և քաջալերեց ՊՊԾ-ին

«Նախորդ նիստի ընթացքում տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեց ելույթ ունեցողը և նիստը վարողն ուղիղ ցուցումով։ Դա պետք է ընդունել, որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում»,- դիմելով ԱԺ ամբիոնի մոտ կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նկատեց, որ ՊՊԾ հրամանատարի՝ Սարգիս Հովհաննիսյանի կողմից բռնի ուժի կիրառվել է նաև այսօր առավոտյան լրագրողների նկատմամբ։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հետևել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողություններին ԱԺ դահլիճում։

«Ես ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը օրենքում սահմանված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ նրանց շատ խիստ հրահագնել եմ, որ ոչ մեկի, առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն և պահանջելու եմ, որպեսզի նրանք… չեն կարող ուղղակի իմ հրամանի վրայով անցնել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այժմ դատարանում է դաշնակցական Պողոս Պողոսյանի գործը, որին ծեծելով սպանել են Պապլավոկի զուգարանում։