Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զինծառայողների աճյուններ․ նախարար

Այո, այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ չի կարող ասել, թե քանի աճյուն կա։

«Կային մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում բացահայտել նրանց ինքնությունը։ Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք և կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն գտնվում են Հոլանդիայում։ Խոսքը մոտ 50 մասունքի մասին է։ Մենք ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչև այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանը, բայց կան, որոնց դեռ սպասում ենք։ Մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում։

«Մարտունու դատաբժշկական կենտրոնը վերանորոգված վիճակում սեպտեմբերին կհանձնենք շահագործման, Մեծամորինը ևս մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում վերանորոգված և համալրված վիճակում շահագործման կհանձնվի»,- ասաց Առողջապահության նախարարը։