Դատախազությունը դեռ ներողություն չի խնդրել ինձնից՝ ապօրինի ազատազրկման համար․ Քոչարյան

Դատախազությունը դեռ ներողություն չի խնդրել ինձնից՝ ապօրինի ազատազրկման համար: Այս մասին օգոստոսի 24-ին կայացած դատական ​​նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«2018 թվականի օգոստոսին ինձ ձերբակալեցին նույն դահլիճում: Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Մնացած բոլոր որոշումները կայացվել են առաջին ձերբակալության ժամանակ: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն հրաժարվում էր ընդունել հոդվածի իրավական որոշակիության հարցը: Չնայած նրան, որ Հայաստանից և արտերկրից բոլոր հեղինակավոր մասնագետները միաձայն նույնն էին ասում»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ նույնիսկ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշման մեջ չեն հասկացել հոդվածի էությունը` ենթադրելով, որ թարգմանության մեջ սխալ կա: Չնայած ամեն ինչ ճիշտ էր թարգմանված: «Ձևակերպման հիմարությունն այնքան է, որ նրանք կարծել են, որ խնդիրը թարգմանության մեջ է: Այսքանից հետո ամոթ է խոսել կրթության և գիտելիքի մասին»,- ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ի վերջո ամեն ինչի համար ոչ թե դատախազությունն է պատասխանատու, այլ Հայաստանի Հանրապետությունը: Նախկին նախագահը հիշեցրեց ՄԻԵԴ -ին ուղղված բազմաթիվ դիմումների առկայությունը: «Մենք ասում ենք. այս ամենի օրինակը կա: Կրկին կանգնենք նույն փոցխի վրա՞, թե հետևություն անենք: Կասկածներ կան. սրանք պետք է հնարավորինս շուտ փարատել»,- եզրափակեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության կողմը պահանջում է կասեցնել գործը և դիմել Սահմանադրական դատարան` Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցը պարզաբանելու համար: