Միայն դատարանը կարող է կասեցնել «Ֆիզգորոդոկի» տարածքի շինարարությունը․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկատվություն է հրապարակել Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգորոդոկ» հատվածում կառուցապատման մասին։

«Ճշգրիտ և հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.

1. Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:
2. Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:
3. Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին:
4. 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:
5.  Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ):
6.  Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):
7.  ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:
8.  2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
9.  Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
10.  Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: