Քննչական կոմիտեն առաջարկում է համաներում կիրառել

Քննչական կոմիտեն նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել նաև ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։

Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև առաջարկվող օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նախագծով սահմանված են նաև համաներում կիրառելու շրջանակները, օրենքի գործողությունը և կիրառման ապահովման դրույթները։