Աֆղանստանը քաղաքացիական պատերազմի շեմին, բայց խնդիրը սոսկ դա չէ. ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար առաջանում են լրացուցիչ վտանգներ

Աֆղանստանից դուրս եկող և Աֆղանստանին առնչվող տեղեկություններն առայժմ երկրի ներսում առկա իրավիճակի խաղաղ հանգուցալուծման որևէ հույս չեն տալիս: Բայց խնդիրը սոսկ դա չէ. վերջին շուրջ մեկ շաբաթում «Թալիբան»-ի հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը վկայում է դրանց էական հակասության մասին ու փաստում, որ այս կազմակերպությունը «ծայրահեղական» և «ահաբեկչական» բնորոշումները հենց այնպես չի ստացել:

Հետևությունը, որը բխում է վերոնշյալից, այն է, որ անկախ Ռուսաստանին «Թալիբան»-ի տված խոստումներից` չանցնել միջինասիական հանրապետությունների սահմանները կամ իրենց ազդեցությունը չտարածել այնտեղ, խնդիրներ չստեղծել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար, անկախ «Թալիբան»-ի հետ ՌԴ ձեռքբերած պայմանավորվածություններից, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը մոտ ապագայում կարող են կանգնել բավական լուրջ խնդիրների առջև:

Կրեմլն այսօր նախազգուշացրել է Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, բայց շատ ավելի կարևոր է ՀԱՊԿ-ի արձանագրումը, որ ի հավելումն առկա վտանգների, առաջանում են լրացուցիչ վտանգներ և սպառնալիքներ:

«Այսօր (ՀԱՊԿ) արտահերթ նիստում իրադարձությունների զարգացման այս ուղղությունը նշվեց նաև այն համատեքստում, որ այն պոտենցիալ հղի է Աֆղանստանում հերթական քաղաքացիական պատերազմով և պարունակում է լրացուցիչ վտանգներ և սպառնալիքներ»,- ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ Պուտինը ՀԱՊԿ նիստի իր ելույթում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և G20- ի շրջանակներում աֆղանական խնդրի վերաբերյալ մոտեցումների համակարգման անհրաժեշտության օգտին: Իսկապես դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ կառաջանա, եթե աշխարհի քաղաքական իրավիճակի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող G20- ի պետությունները աֆղանական խնդրի առնչությամբ հակասական քաղաքականություն վարեն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Աֆղանստանի Փանջշիր նահանգում տեղի ունեցող իրադարձություններին: Պեսկովի հայտարարության ժամանակ այդ իրադարձությունները Փանջշիր նահանգում դեռ տեղի չէին ունենում, բայց շատ հնարավոր է, որ հիմա, երբ ընթերցողները կարդում են այս տողերը, դաժան մարտերը Փանջշիր նահանգում արդեն սկսվել են:

Ինչպես արդեն հայտնի է, Փանջշիր նահանգն իր վերահսկողության ներքո պահող ընդդիմությանը զենքը վայր դնելու և հանձնվելու համար 4 ժամ տալուց և վերջնագրի ժամկետի լրանալուց հետո, «Թալիբանը», որն արդեն սկսել էր իր վերահսկողության տակ չգտնվող վերջին նահանգի պաշարումը, պատրաստվել էր գրոհի:

Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում միջամտել այդ իրադարձություններին, ասել է Պեսկովը և հավելել, որ Մոսկվան մտադիր չէ կողմերի միջև միջնորդ լինել: Այս դիրքորոշումը լիովին հասկանալի է, քանի որ, ինչպես ասում են, Ռուսաստանի քարը ծանր է:

Հիշենք, որ «Թալիբան»-ի ներկայացուցիչն ավելի վաղ խնդրել էր Ռուսաստանի միջնորդությունը, որպեսզի ՌԴ-ն համոզեր Փանջշիրում ամրացած ընդդիմությանը զենքը վայր դնել, անցնել «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների: Սակայն, Ռուսաստանը չգնաց այդ քայլին, և Պեսկովի վերոնշյալ հայտարարությունից պարզ է, որ չի էլ գնալու, քանի որ նախ վստահ է, որ մերժում է ստանալու ընդդիմության կողմից:

Եվ երկրորդ` եթե ընդդիմությունը նույնիսկ ինչ-ինչ պայմանների դիմաց զենքերը վայր դնի ու հանձնվի, «Թալիբան»-ի խոստումները որևէ երաշխիք չեն, որ ահաբեկչական կազմակերպությունը կգնա իր հակառակորդների հետ առկա լուրջ հակասությունների քաղաքական լուծման ճանապարհով, այսինքն` չի դիմի հակառակորդների հետ խնդիրների լուծման փորձված մեթոդին` խոշտանգելու, սպանելու: Պարզ է, որ դրանից հետո Ռուսաստանը կարժանանար Աֆղանստանի հասարակության մի մասի զայրույթին և ատելությանը, բարեկամ Իրանում էլ Ռուսաստանի այդ քայլը թերևս կգնահատվեր, մեղմ ասած, անհասկանալի…

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Փանջշիր նահանգը մնում է միակ շրջանը, որը դուրս է թալիբների վերահսկողությունից: Փանջշիրում դիմադրության ուժերը ղեկավարում է Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը: Նախագահ Աշրաֆ Գանիի՝ երկրից հեռանալուց հետո Սալեհն իրեն հռչակել է պետության ղեկավար և խոստացել, որ ոչ մի դեպքում չի հանձնվի թալիբներին:

Արթուր Հովհաննիսյան