Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար. Արմեն Աշոտյան

Իրանի հյուսիսում հայտնաբերվել է բնական գազի հսկայական պաշար։ Չալուս կոչվող հանքավայրը գտնվում է Կասպից ծովի հարավային, իրանական հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հատկանշական է, որ սա Իրանի հյուսիսում հայտնաբերված նման ծավալի առաջին գազային կուտակումն է։ Իրանի գազային հիմնական պաշարները գտնվում են հարավում ( Հարավային Փարս)։

Նոր հանքավայրի գազի ծավալները կարող են երկարաժամկետ առումով բավարարել Եվրոպայի գազի սպառման պահանջարկի մոտ 20%-ը։

Հանքի շահագործման համար ֆինանսական և տեխնիկական աջակցություն պատրաստ են տրամադրել թե Ռուսաստանը, թե Չինաստանը։

Էներգետիկ քաղաքականության տեսանկյունից այս գազը կարող է ուղղվել՝

  1. Չինաստան ՝ թուրքմենական գազափոխադրիչ համակարգին միանալու դեպքում։
  2. Եվրոպա՝ Ադրբեջանի գազատար ցանցով, այդ թվում՝ Հարավային էներգետիկ միջանցքով։
  3. Թուրքիա՝ ուղղակիորեն առկա գազատար ցանցերով, մրցակցություն ստեղծելով այդ երկրի շուկայում ադրբեջանական և ռուսական գազի համար։
  4. Հնդկաստան՝ Պակիստանով կառուցվելիք գազատարի միջոցով (տարիներ շարունակ ձգձգվող նախագիծ է)։
  5. Եվ վերջում, մեզ համար ամենաձեռնտու, բայց շատ տեսական տարբերակ։ Դեպի Եվրոպա՝ Հայաստանի տարածքով ( տես՝ Սյունիքով) բավարար տրամաչափի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Վրաստանում, կառուցելու և Ռուսաստանի քաղաքական համաձայնության դեպքում»,- գրել է Աշոտյանը։