Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Գուրգեն Մելքոնյանի կքննի դատավոր Մուրադ Հովակիմյանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 19-ին և նույն օրը մակագրվել դատավոր Հովակիմյանին։

Վանեցյանը պահանջում է՝ Մելքոնյանին պարտավորեցնել  հրապարակային հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Որպես երրորդ անձ է նշվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք, որ Մելքոնյանը Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել էր․

«Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։

Մելքոնյանի հայտարարությունից հետո Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարեց, որ հայցադիմում են ներկայացնելու։