Հունաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացու՝ կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած մարդու մահվան երկրորդ դեպքը: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  հաղորդել է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

Օգոստոսի 22-ի գիշերը Զակինտոս կղզու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահացել է 77-ամյա մի տղամարդ: Նա կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունք էր ընդունվել հուլիսի 30-ին, օգոստոսի 10-ից միացված է եղել արհեստական շնչառության սարքին, հաղորդել է հեռուստաալիքը:

«Տղամարդը պատվաստում ստացել էր, բայց նրա իմունիտետը չափազանց թույլ էր շատ լուրջ հիմնական հիվանդության պատճառով, որի դեմ, հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն, նա ստացել է ուժեղ ներգործող դեղամիջոցներ, որոնք զգալիորեն ազդել են պատվաստանյութի արդյունավետության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած և հիմնական հիվանդություններ չունեցող հիվանդի մահվան առաջին դեպքի մասին օգոստոսի 16-ին հայտնել է Սալոնիկի «Պապանիկոլաու» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի երկրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը:

Նա դա բացառություն է համարել: Հունաստանում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3 հազար դեպք:

Օգոստոսի 22-ի տվյալներով, երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվել է գրեթե 560 հազար մարդ, մահացել է 13 հազար 384 մարդ:

Մոտավորապես 11 մլն բնակչություն ունեցող երկրում արվել է կորոնավիրուսի դեմ 11,15 մլն պատվաստում: Առնվազն մեկ չափաբաժին ստացել է 5,9 միլիոն քաղաքացի, լրիվ պատվաստվել է 5,61 միլիոնը։