Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

2021 թվականի օգոստոսի 19-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին  մասնակցում էին ԿԸՀ 5 անդամներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

Նիստի սկզբում ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովի բացակա 3 անդամներից տիկին Սուլեյմանյանը և պարոն Սողոմոնյանը նիստից բացակայում են հարգելի պատճառներով, իսկ պարոն Առուշանյանը որևէ եղանակով չի տեղեկացրել նիստին չներկայանալու մասին: Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իրենց լիազորությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, նախորդ նիստում առաջարկված փոփոխություններով ՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի ղեկավարի, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավարի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավարի 2021 թվականի հոկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում: Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Ս. Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և ԿԸՀ քարտուղարին հանձնարարեց կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ ընտրությունները պատշաճ կերպով անցկացնելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

 

Արցախի  Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով