Մեր տարածաշրջանում մեկնարկել է աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր ռաունդը. ինչ պետք է անի Հայաստանը

Հայաստանը պետք է ոչ թե տուրք տա թուրք-ադրբեջանական ցանկություններին, այլ ամրապնդի իր անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

«Նախօրեին Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը պարունակում էր կարևոր շեշտադրումներ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հանգուցալուծվել է և նույնիսկ առաջարկում էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Ավելին. նա CNN Türk-ին տված հարցազրույցում քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև Ռուսաստանին «դասեր» էր տալիս, թե ինչու՞ է վերջինս ծրագրում վերազինել հայոց բանակը։

Պատասխանը չուշացավ։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները փոխադարձ տրամադրվածություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»:

Սա նշանակում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության պնդումների, ՌԴ -ի և Ֆրանսիայի համար Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հանգուցալուծված չէ, իսկ խնդիրը պետք է քննարկվի ոչ այնքան ադրբեջանական կապրիզների ու շանտաժների հիման վրա, այլ նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Բնականաբար մեզ համար ավելի ընդունելի է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի անդամ է նաև Թուրքիան, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն եզրույթը։

Բայց կապիտուլյանտների ռեժիմի ապազգային ու ձախողված քայլերի արդյունքում Թուրքիան «մխրճվեց» այս կարգավորման մեջ որպես կարեւոր դերակատարներից մեկը։

Եթե ունենայինք ազգային շահը սպասարկող իշխանություն, ինչպես նախկինում էր, ապա մեծ հավանականությամբ կշեշտվեր նաեւ հայտնի սկզբունքների ու մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։

Բայց քանի որ «մուրճով իշխանությունը» չի խոսում այդ սկզբունքի պարտադիր իրացման ու Արցախի դեօկուպացիայի մասին, ուրիշներն ինչու՞ պետք է խոսեն։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում մեկնարկել է աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր ռաունդը։

Հայաստանը պետք է ոչ թե տուրք տա թուրք-ադրբեջանական ցանկություններին, այլ ամրապնդի իր անվտանգությունը։

Իսկ դրա համար պետք է գիտակցում, որ թուրք-ադրբեջանական օրակարգը սպառնալիք է մեր կենսական շահերին։

Ցավոք, կապիտուլյանտ իշխանությունը մտել է կեղծ խաղաղասիրական, իսկ իրականում պարտվողական ու ապազգային «գծի» մեջ»։