Մոսկվան հանդես է գալիս Աֆղանստանում ազգային երկխոսության օգտին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հանդես է գալիս համազգային երկխոսության օգտին, որը թույլ կտա Աֆղանստանում ձևավորել ներկայացուցչական կառավարություն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Մոսկվայում Լիբիայի ազգային միասնության կառավարության ԱԳ նախարար Նաջլա ալ-Մանգուշի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Թալիբան» շարժումը դեռևս չի վերահսկում Աֆղանստանի ողջ տարածքը: Լավրովի խոսքով՝ այն բանից հետո, երբ Փանջշիրի կիրճում դիմադրության ուժերը սկսեցին հակադրվել թալիբներին, Մոսկվայի քայլերն Աֆղանստանի ուղղությամբ ավելի ծանրակշիռ դարձան։

«Մենք կողմ ենք համազգային երկխոսությանը, որը թույլ կտա Աֆղանստանում ներկայացուցչական կառավարություն ձևավորել: Այս իրավիճակում Մոսկվան հաստատում է ի նպաստ Աֆղանստանում ազգային երկխոսության արտաքին պայմաններ ստեղծելու իր հետևողական գիծը», – ասել է Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է թալիբների հայտարարությունը՝ Աֆղանստանի այլ քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու ցանկության մասին: