Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, սակայն դա չի նշանակում, թե պատերազմն անխուսափելի է. 2

Սկիզբը` այստեղ 

Թշնամու համար սահմանային բախումների և լարվածության աճի մյուս նպատակը, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու առիթ կամ նպաստավոր մթնոլորտ ստեղծելն է և իրավիճակը շիկացած պահելը` ակնկալությամբ, որ առաջիկայում իր և Թուրքիայի համար կարող են հնարավորություններ ստեղծվել հարձակումը սկսելու համար:

Հայաստանում, ցավոք, բոլորը չէ, որ ունեն իրավիճակի համարժեք գնահատում և առկա փաստերի հիման վրա կարողանում են ճիշտ վերլուծություններ կատարել, հանգել համապատասխան եզրակացությունների: Ոմանք էլ միտումնավոր, հավանաբար արտաքին ուժերի պատվեր կատարելով, հասարակության գլխի տակ փափուկ բարձ են դնում, ուրիշները հայտարարելով, թե Ադրբեջանի և Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև լայնածավալ պատերազմ չի լինի, գուցե ցանկանում են, որ մարդիկ չանհանգստանան:

Մի առանձին հետազոտության խնդիր է պարզելը, թե 44- օրյա պատերազմից ոչ շատ առաջ հայաստանյան վերլուծաբաններից, քաղաքագետներից ու քաղաքական գործիչներից ովքեր էին հավաստում էին, թե պատերազմ չի լինելու: Այժմ նմանաբնույթ դիրքորոշմամբ հանդես եկողներից մեկը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է, որը հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով սահմանին սրացումները և ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, ասել է, թե լայնածավալ պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև չի լինի:

Այնուհանդերձ, մենք ունենք նաև նոր պատերազմի վտանգի առնչությամբ իրավիճակը համարժեք գնահատող, սթափ դատող, իրենց վերլուծությունները փաստերի վրա կառուցող և ժողովրդին իրականությունը ներկայացնող քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, որքան էլ այդ իրականությունը լինի դառը և անցանկալի:

Նրանցից մեկը Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանն է: Վերջինս «Ֆեյսբուք»-ի իր էջում օգոստոսի 17-ին «Քանի Նիկոլը կա, Ալիևը Հայաստանից միշտ իր ուզածը ստանալու է» վերտառության ներքո հանդես եկավ ուշագրավ գրառմամբ .

«Երեկ Քարվաճառի շրջանում գտնված Ադրբեջանի բռնապետը հայտարարել էր, որ «կվերադարձնի «Զանգեզուրի մահալն» ադրբեջանցիներին», ինչպես նաև «հորդորել էր Վարդենիսը վերանվանել Բասարգեչար», քանի որ այն պատմական ադրբեջանական տարածք է…

Դե մեր ԱԳՆ-ին և այլ պետական կառույցներին դա չի հետաքրքրում… Նրանք կամ ոչնչով չեն զբաղվում, կամ էլ Նիկոլ Անհողին են սպասարկում՝ ձերբակալելով վերջինիս քննադատողներին և հակառակորդներին…

Իսկ խնդիրը նրանում է, որ եթե որևէ մեկը մտածում է, որ Ադրբեջանի բռնապետի խոսքերն ընդամենն անհիմն հայտարարություններն են, ապա չարաչար սխալվում են…

Վերջին արցախյան պատերազմից մի քանի ամիս առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից լուսաբանված Ադրբեջանի ԱԽ-ի նիստի ժամանակ պատին փակցված քարտեզին շատ քչերն էին ուշադրություն դարձրել… Իսկ այդ քարտեզում Արցախը, Հայաստանի ամբողջ հարավը և Սևանա լճի արևելյան մասերը պատկերված են Ադրբեջանի կազմում…

Նիկոլի կողմից սանձազերծված վերջին խայտառակ պատերազնում մեր պարտությունից հետո պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ նրա հեռահար ծրագրում Արցախից հետո նաև Հայաստանի հարավի և Գեղարքունիքի մարզի արևելյան մասի բռնազավթումն է…

Իլհամ բաբայի երեկվա քարվաճառյան ելույթները պետք է դիտարկել հենց այդ պրիզմայի ներքո… Ալիևը բացարձակ չի թաքցնում իր ծրագրերը և համոզված է՝ քանի դեռ իր կողմից ծնկի բերված և նսեմացված Նիկոլը ղեկավարում է Հայաստանը, ինքը Հայաստանից միշտ իր ուզածը ստանալու է… Նիկոլ Անհողն էլ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է կատարել Բաքվի բոլոր հրահանգները…

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ օրինաչափ է. պարտված Նիկոլը չի կարող իրեն հաղթող Ալիևի հետ խոսել հավասարը հավասարի հետ, ինչպես նաև հույս ունենալ, որ միջազգային հանրություն կոչվածն իրեն չի ընդունելու խղճահարությամբ և զզվանքով՝ որպես կապիտուլյանտի… » (ընդգծումները` մերը):

Իսկապես չպետք է կարծել, թե Ալիևի հայտարարությունները սոսկ քամի են կամ ներքին սպառման համար, նպատակ ունեն սեփական ժողովրդի աչքում էլ ավելի բարձրանալու և հերոսանալու: Նրա այս հայտարարությունները պետք է դիտարկել ու գնահատել վերոնշյալ և այլ փաստերի հետ միասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրանիկ Թևանյանը նույնպես նոր լայնամասշտաբ պատերազմի հոտ է առել ու ժամանակին SOS է հնչեցրել: Իր ֆեյսբուքյան էջում նա օգոստոսի 14-ին «Հայաստանը` նոյեմբերի 9–ի ու հունիսի 20–ի արանքում» վերտառության ներքո գրել է .

«Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։

Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։

Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան` նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը` զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։

Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային` բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։

«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»,– հայտարարել է Ալիևը։

Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի նման պահվածքը հնարավոր դարձավ ոչ միայն նոյեմբերի 9–ի փաստաթղթի, այլ նաև հունիսի 20–ի ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չէ սրա համար։ Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում, բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը։

LIVEnews.am-ի ուշադիր ընթերցողները հավանաբար կհիշեն, որ 44- օրյա պատերազմից առաջ գրում ու զգուշացնում էինք մոտալուտ պատերազմի մասին: Ահա այդ հրապարակումներից մի քանիսը` «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, կամ Ադրբեջանին պատրաստում են պատերազմի», «Սա պետք չէ համարել բրդոտի հերթական բառաչը կամ զառանցանքը» , «Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի նոր փուլի նպատակը ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է» : Եվ հիմա էլ ենք զգուշացնում նոր և առավել մեծամասշտաբ պատերազմի վտանգի (ոչ թե անխուսափելիության… ) մասին` դրա համար ունենալով համապատասխան հիմքեր…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան