Անմարդկային պայմաններ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի Կորոնավիրուսային բաժանմունքում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:

Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև Կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:

Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:

Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:

Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են:

Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։

Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

Չնայած դրան, Դատապարտյալների հիվանդանոց Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի այցի ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:

Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:

Պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործող ազատությունից զրկված անձինք չեն մեկուսացվում հիմնարկի կարանտինային բաժանմունքում և անմիջապես տեղաբաշխվում են համապատասխան բաժանմունքում:

Անթույլատրելի է, որ կարանտինային բաժանմունքը շահագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, ինչի հետևանքով նաև չի ապահովվում քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց՝ 14-օրյա կանխարգելիչ մեկուսացումը։

Այցի պահին կարանտինային բաժանմունքում պահվել է կալանավորված անձ, որը մեկուսացված է եղել տևական ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտի մուտքի հարևանությամբ տեղադրվել է սանիտարական մշակման տնակ, որն ապահովված է ջրամատակարարմամբ, կոյուղով, լոգարանով, լվացարանով և այլ անհրաժեշտ պարագաներով՝ բժշկական անձնակազմի մուտքի և ելքի ժամանակ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն այցի պահին արձանագրվել է, որ այն չի շահագործվում:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման կապակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տարածք մուտք գործելիս ջերմաչափում և կանխարգելիչ այլ միջոցառումներ չեն իրականացվում:

Ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումները պարբերական բնույթ չունեն: Ազատությունից զրկված անձինք ջերմաչափվում են՝ ըստ անհրաժեշտության և բժշկական ցուցումի:

Հիմնարկի տարածքում թերություններով են իրականացվում նաև վարակի կանխարգելման այլ միջոցառումներ: Այսպես, այցի ընթացքում արձանագրվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական շենքում աշխատակիցների մեծ մասը դիմակներ չեն կրում, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, չի իրականացվում ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Դիմակներ չեն կրել (կամ կրել են ոչ պատշաճ ձևով) նաև բժշկական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:

Քրեակատարողական հիմնարկի որոշ բաժանմունքների միջանցքներում առկա չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ: ՔԿՀ-ի մուտքին հարակից և ռեժիմային գոտու պատերին ամրացված ախտահանիչ հեղուկով դիսպենսերները եղել են դատարկ:

Պարզվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական դիմակներ տրամադրվում են հիմնարկից դուրսբերման դեպքում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում) համալրված է եղել ախտահանիչ նյութերով, քլորով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայողներին դրանց հասանելիությանը, ապա նրանք օգտվելու հնարավորություն չեն ունեցել ստորաբաժանմանը հատկացված ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներից:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աշխատակիցներին ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներով ապահովելու ուղղությամբ:

Քրեակատարողական հիմնարկի տարբեր բաժանմունքների միջանցքներում և բժիշկների աշխատասենյակներում փակցված են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական պաստառներ:

Ստորաբաժանումում առկա են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի արագ ախտորոշիչ թեստեր, որոնք օգտագործվել են՝ ըստ անհրաժեշտության: Առկա է եղել երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ չորս պացիենտի թթվածնով ապահովելու համար:

Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:

Դրանից բացի, Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վիճակի առնչությամբ Պաշտպանի մանրամասն արձանագրած խնդիրները և լուծման առաջարկները արտացոլված են նաև խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ (https://ombuds.am/…/de9d93e7fe42e0fb57562fdea702609e.pdf):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն հայտարարությունը հրապարակում է այն պատճառով, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակը նորից մտահոգիչ աճի միտումներ է ցույց տալիս երկրում:

Իսկ նկարագրված անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները ոչ միայն չեն ապահովելու վարակի արդյունավետ կանխարգելումը, այլ ստեղծում են վարակի տարածման ռիսկեր, առավել ևս, որ ներկայում կան բուժում ստացող մարդիկ:

Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան