Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելությունը կարող է երկարաձգվել. Բայդեն

«ԱՄՆ զինվորականները Աֆղանստանում կմնան մինչև այդ երկրից ԱՄՆ քաղաքացիների ամբողջական տարհանումը»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ իշխանությունները կփորձեն պահպանել զորքերի դուրսբերման հարցում ի սկզբանե հաստատված վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը, սակայն, եթե մինչ այդ պահը հնարավոր չլինի երկրից դուրս բերել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, ռազմական առաքելությունը կերկարաձգվի:

Բայդենը նաև նշել է, որ ներկայումս Աֆղանստանում կա 10-15 հազար ամերիկացի:

Բացի ԱՄՆ քաղաքացիներից, ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարհանել նաև 50-65 հազար աֆղանստանցիների, որոնք ցանկանում են լքել երկիրը: Սպիտակ տան ղեկավարը դա հնարավոր է համարել, եթե մինչև ամսվա վերջ օրական տարհանվի 5-7 հազար մարդ: