Քադիրովը կոչ է արել պատրաստվել վատթարագույնին, Բայդենը մատնել, որ թալիբներն իսկապես ամերիկյան նախագիծ են` ընդդեմ Ռուսաստանի…

Դեռ հուլիսի 10-ին` ավելի քան մեկ ամիս առաջ էինք կանխատեսել ու գրել, որ թալիբները շատ արագ գրավելու են Աֆղանստանը:

Մինչդեռ, ԱՄՆ-ի հետախուզությունը դրանից մոտ կես ամիս առաջ, հունիսի վերջերին եզրակացրել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, որը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 11-ը, այդ երկրի կառավարությունը կտապալվի 6 ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ ասել էին, որ Աֆղանստանի իշխանությունները զորքերի դուրսբերումից հետո կդիմանան ոչ ավելի, քան 3 ամիս:

«Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Կանդահարի վրա (2016թ. մարդահամարի համաձայն՝ 614 000 բնակիչ) իր արմատական գաղափարախոսությամբ հայտնի «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալների երեկվա հարձակումից ու քաղաք մուտք գործելուց հետո պարզ է արդեն, որ Աֆղանստանի կառավարությունը չի դիմանա նույնիսկ 3 ամիս»,- հուլիսի 10-ին գրել էինք «Աֆղանական բիզը սրվում է Ռուսաստանի, թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ» վերտառությամբ հոդվածում :

Հենց այդպես էլ եղավ «Թալիբան»-ի կողմից Աֆղանստանի ամբողջական գրավման առումով, և հիմա խնդիրն արդեն այն է, թե իր դաշնակիցների հետ միասին ԱՄՆ-ի սրած «բիզը»` հանձին «Թալիբան»-ի, երբ և ինչպե՞ս կօգտագործվի միջինասիական հանրապետությունների, Ռուսաստանի, հետագայում թերևս նաև Չինաստանի և Իրանի դեմ:

«Թալիբան»-ի զինյալներն օգոստոսի 15-ին, ինչպես արդեն հայտնի է, չնայած նրան, որ ամերիկյան զինծառայողները Քաբուլն ամբողջությամբ դեռ չեն լքել (նրանք Քաբուլի միջազգային օդանավակայանում են), բոլոր կողմերից մտել են Աֆղանստանի մայրաքաղաք ու տիրել Քաբուլին, նաև հայտարարել, որ արդեն վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա:

Ի դեպ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին «Թալիբան»-ի կողմից Քաբուլի գրավումից ընդամենը երկու օր առաջ` օգոստոսի 13-ին, հայտարարել էր , թե «այս պահին Քաբուլին անմիջական վտանգ չի սպառնում»։

«Նրանք ասացին, որ երբեք դուրս չեն գա այնտեղից (Աֆղանստանից.- Ա.Հ.), այժմ նրանք լքեցին բոլորին և փախան»,- հիշելով ամերիկացիների ավելի վաղ տված խոստումը, օրերս ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը և հավելել, որ թալիբներն Աֆղանստանում խաղաղ բնակիչներին խոշտանգում ու սպանում են:

Իսկապես, ամերիկացիներն այս ամբողջ ընթացքում ի՞նչ արեցին Աֆղանստանում… Հավատա՞լ, թե լինելով գերտերություն, ԱՄՆ-ը չունի մարտունակ, արդյունավետ պատերազմ վարելու ունակ բանակ, ու չնայած Աֆղանստանում ունեցած, ժամանակակից սպառազինությամբ մինչև ատամները զինված բանակին (2011թ. ունեցել է առավելագույն թվակազմը` 110 000 զինծառայող, 2018-2019թթ.` ավելի քան 10 000), պարտվեց իր, Աֆղանստանում իր դաշնակից պետությունների բանակներին և Աֆղանստանի կառավարական բանակին սպառազինությամբ ու քանակապես զիջող «Թալիբան»-ին, որը նույնիսկ պետություն չէ, այլ ընդամենը ահաբեկչական կազմակերպություն կամ ծայրահեղական շարժում, որքան էլ ունենա խիզախ մարտիկներ:

Թե՞ խելքին մոտ է այն բացատրությունը, որ ԱՄՆ-ը վերջին տարիներին և, հատկապես, Բայդենի նախագահության շրջանում ողջ աշխարհին ցույց տալով, թե պայքարում է «Թալիբան»-ի դեմ, իրականում պայքարի երևութականություն ստեղծեց և այդ նպատակին ծառայող խիստ չափավոր պատերազմում «Թալիբան»-ին որոշ, թույլատրելի կորուստներ պատճառելով հանդերձ, նրան անուղղակիորեն փոխանցեց միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր ու ռազմական տեխնիկա, միաժամանակ կոփեց ու վարժեցրեց ժամանակակից մարտ վարել դրանցով:

«Թալիբան»-ին վերոնշյալ զենքերի և ռազմական տեխնիկայի փոխանցումը կատարվել է Աֆղանստանի դրածո, խամաճիկ իշխանությունների կազմավորած բանակի միջոցով. զենքերի և ռազմական տեխնիկայի մի մասը թալիբները, հաճախ գրեթե առանց կառավարական բանակի դիմադրության, նրանից որպես ռազմավար են վերցրել: Սակայն հիմնական մասը նրանք ստացել են Աֆղանստանից ամերիկյան բանակի հեռանալուն պես զենքերի և ռազմական տեխնիկայի հետ միասին շատ արագորեն իրենց կողմն անցնող Աֆղանստանի կառավարական բանակի տասնյակ հազարավոր զինծառայողների միջոցով: Ինչպես հայտնի է, այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը սկսվել է 2021թ. մայիսից:

Ավելին. պարզվում է, թալիբների կողմն անցած Աֆղանստանի կառավարական բանակի զինծառայողների հիմնական մասը հենց թալիբներ են, որոնք միտումնավոր մտել էին կառավարական բանակի մեջ, որպեսզի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերեին, և իրենց նպատակին հասնելուց հետո, երբ համապատասխան պահը գար (Աֆղանստանից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորքերը սկսեին հեռանալ), շատ արագ անցնեին «Թալիբան»-ի կողմը:

Հսկայական գումարներ ծախսելով, ԱՄՆ-ը Աֆղանստանի բանակի կազմում նաև սովորեցրել է թալիբներին ժամանակակից զինատեսակներից, ռազմական տեխնիկայից օգտվելն ու ժամանակակից մարտ վարելու կանոնները, առանձնահատկությունները: Եվ, ի՞նչ է, կարծում եք ամերիկյան հետախուզությունը նախապես տեղյակ չի՞ եղել այս ամենին…

Ինչպե՞ս կարող էր ԱՄՆ-ը, որի հետախուզական ծառայություններն աշխարհում լավագույններից են, տեղյակ չլինել զանգվածային բնույթ ունեցող այսպիսի գործողությանը և այդ մասին ժամանակին չզուշացնել Աֆղանստանի նախագահին, կառավարությանը, կառավարական բանակի հրամանատարությանը, որպեսզի նրանք այդ բանակում չներգրավեին «Թալիբան»-ի ծպտյալ մարտիկներին ու չզինեին նրանց…

Բնականաբար, հարց է առաջանում, թե ԱՄՆ-ն ինչո՞ւ է կոփել ու զինել «Թալիբան»-ին, և անհրաժեշտ պահին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ (ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես իրենց զորքերը հեռացրել են) ազդանշան ու հնարավորություն տվել նրան, որպեսզի շատ արագ իր իշխանությունը հաստատի Աֆղանստանի ողջ տարածքի վրա ու պետության կառավարման ղեկն ամբողջությամբ իր ձեռքը վերցնի:

Պատասխանն այս դեպքում մեկն է. որպեսզի արդեն որպես պետություն հանդես գալու հնարավորությունները ստացած «Թալիբանը», պետության կարողություններն օգտագործելով և ավելի հզորանալով, սկսի իր ազդեցության տարածումը, ներթափանցումը միջինասիական հանրապետություններ, ու երբ պահը հասունանա կամ հարկ եղած դեպքում դիմի նաև բացահայտ գրոհի` լուրջ խնդիրներ առաջացնելով ոչ միայն միջինասիական հանրապետությունների իշխանությունների, այլև Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի համար:

«Մենք պետք է գիտակցենք, որ «Թալիբանը» կդիմանա շատ երկար տարիներ,- ասել է Աֆղանստանի վետերանների ռուսաստանյան միության նախագահ Ֆրանց Կլինցևիչը:- Թե որքանով նա կմնա հարևան երկրներում իր ազդեցությունը չտարածելու խոստումների շրջանակում, շատ լուրջ հարց է: Իմ կարծիքով, ժամկետը մինչև այս տարեվերջն է: Իսկ տարեվերջին կսկսվեն արդեն անկառավարելի գործընթացներ Աֆղանստանին հարակից պետություններում»:

Ի տարբերություն ռուսաստանյան մի շարք քաղաքագետների, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների, օրերս իրավիճակի միանգամայն սթափ գնահատմամբ է հանդես եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը` կոչ անելով թալիբների պատճառով պատրաստվել վատթարագույնին:

Քադիրովի հավաստմամբ, թալիբներն ամերիկյան նախագիծ են…

«Մենք, մեր դաշնակից պետությունները պետք է ամրապնդենք սահմանները և պատրաստվենք վատթարագույնին,- ասել է Քադիրովն ուղիղ եթերում` հրապարակված որդու՝ Ադամի Instagram- ի էջում:- Մեզ համար խնդիր չէ, կլինի հրաման` կկանգնեցնենք  ցանկացածին, որը սպառնում է մեր պետությանը, ինքնիշխանությանը, ժողովրդին»:

Նա նաև կոչ է արել Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի բնակիչներին զգոն ու պատրաստ լինել, քանի որ Աֆղանստանին սահմանակից տարածքները վտանգված են:

Որ թալիբներն ամերիկյան նախագիծ են, օրերս մատնել է նաև հենց ինքը` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը` հայտարարելով, որ Ռուսաստանը երջանիկ կլիներ, եթե ամերիկյան բանակը թեկուզ մեկ ամիս, թեկուզ նույնիսկ մեկ օր ավել մնար Աֆղանստանում: Բայդենի նշված հայտարարությունից միանգամայն հասկանալի է, որ այդ երկրից ամերիկյան զորքի դուրսբերումը և «Թալիբան»-ին իշխանությանը տիրելու հնարավորություն ընձեռելն ընդդեմ ՀԱՊԿ անդամ միջինասիական հանրապետությունների, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կատարված քայլ է:

 

Արթուր Հովհաննիսյան