Թալիբները Քաբուլի օդանավակայանում կուտակված անձանց կոչ են արել տուն վերադառնալ

«Թալիբան» ահաբեկչական շարժումը կոչ է արել տուն վերադառնալ այն աֆղաններին, որոնք միջազգային օդանավակայանում կուտակվել են թալիբների հանդեպ վախի պատճառով և ցանկանում են լքել երկիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Քաբուլում կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

«Օդանավակայանում գտնվող ընտանիքները չեն տուժի, եթե տուն վերադառնան: Մենք ոչ ոքի չենք հետապնդի»,- նշել է Մուջահիդը:

Երեքշաբթի օրը, փոքր ընդմիջումից հետո, Քաբուլից ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով վերսկսվել է ամերիկյան դեսպանատան անձնակազմի և աֆղանների տարհանումը, որոնք համագործակցել են ամերիկյան զորակազմի հետ: Երկու օրվա ընթացքում Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և անկարգությունների հետևանքով զոհվել է շուրջ 10 մարդ, նրանց մի մասն արդեն օդից են ընկել, մեկն էլ մահացել է այն հատվածում, որտեղ մաքրվում են շասիները: