ՌԴ զինվորականները նոր զորաշարժեր են սկսել Տաջիկստանում

Աֆղանստանում ստեղծված իրադրության ֆոնին Ռուսաստանի զինվորականները Տաջիկստանում նոր զորաշարժեր են սկսել շուրջ հազար զինծառայողների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«201-րդ ռազմաբազայի շուրջ հազար ռուսաստանցի զինծառայողներ, որոնք տեղաբաշխվել են Տաջիկստանում, դուրս են եկել Լյաուրի և Սամբուլի զինափորձարաններ՝ մարտական պատրաստության հմտությունները կատարելագործելու համար»,-հաղորդել է օկրուգի մամուլի ծառայությունը:

Առաջադրանքները կմշակվեն ամսվա ընթացքում: Ռուսաստանցի զինվորականների խոսքով՝ զորաշարժերի ընթացքում հրետանավորները կկատարեն ավելի քան 20 մարտական հրաձգություն՝ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերից, «Գվոզդիկա» եւ «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքներից: Զինծառայողները մշակում են ուսումնամարտական խնդիրներ՝ լեռնային տեղանքում հակառակորդի ոչնչացման ուղղությամբ, հայտարարել են ԿՌՕ-ում:

Ավելի վաղ օգոստոսին Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին Ռուսաստանը երկու զորավարժություն է անցկացրել աֆղանական սահմանի մերձակայքում. մեկը՝ Ուզբեկստանի հետ, մյուսը՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ համատեղ: Զորաշարժերին մասնակցել են մի քանի հազար զինծառայողներ, օդուժը, հրետանին և զրահատեխնիկան: Ուզբեկստանում անցկացված զորավարժություններին Ռուսաստանն ուղարկել էր Տու-22Մ3 չորս հեռահար ռմբակոծիչներ:

Տաջիկստանի վարժանքներին ուղարկվել են Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, որոնք մշտապես բազավորվում են Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ռուսաստանյան ավիահանգրվանում: