Ոնց կորոշի մեր ղեկավարը․ Ջրային կոմիտեի նախագահը՝ մարզպետ նշանակվելու մասին

Այսօր ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, նախագիծը զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին դիմելով, նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ջրային կոմիտեների նախագահն ամեն տարի հենց գարնանային  գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին փոխվում է, փոխանցում է tert.am-ը։

«Այսպիսի վերաբերմունք է կառավարության կողմից Ջրային կոմիտեի նկատմամբ»,–ասաց նա։ Ներկայացնելով կոմիտեի նախագահի կենսագրականը՝ Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «Ձեզ որ մնար, մի ամբողջ մարզի ՋՕ–ի փոխտնօրեն կնշանակեի՞ք մեկին, որ ոռոգման համակարգի հետ առնչություն չի ունեցել»։ Կարեն Սարգսյանը նշեց, որ կնշանակեր և որոշակի տեղեկություններ ներկայացրեց իրենց աշխատանքի  արդյունավետության մասին, որ պատգամավորը նման «հեգնանքով» չմոտենար իրենց նշանակումներին։

«Եթե այս ցուցանիշները որևէ բան ասում են, ուրեմն կնշանակի, եթե չի ասում, ուրեմն թող մնա ձեր խղճին»,–ասաց նա, իսկ Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ քամահարանքով չի վերաբերվում։

Գեղամ Մանուկյանը հարցրեց նաև, թե  երկա՞ր է պաշտոնավարելու, որովհետև խոսակցություն կա, որ մարզպետի պաշտոնին է տեղափոխվելու, իսկ նա պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը։