«Թալիբանը» զանգվածային ձերբակալություններ է սկսել Քաբուլում

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանը» «հանցագործություններին մասնակից» անձանց զանգվածային ձերբակալություններ է սկսել։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։

Նա նշել է, որ ոչ ոքի չի թույլատրվում ներխուժել նախկին պաշտոնյաների տներ, պահանջել նրանց մեքենաներն ու սպառնալ նրանց։ Զգուշացվել է, որ հանցագործություններին մասնակից պաշտոնյաների հանդեպ լուրջ հետապնդումներ կլինեն։

Աֆղանական Ariana News հեռուստաալիքը, հղում անելով Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆիին, հայտնում է, որ «Թալիբանը» պետական ծառայողներին աշխատանքի վերադառնալու կոչ է արել։

«Դիվանագիտական առաքելությունների, ռազմաբազաների և քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցները կարող են առանց անհանգստանալու շարունակել իրենց աշխատանքը։ Ոչ ոքի իրավունքները չեն ոտնահարվի։ Կանայք կարող են աշխատանքի դուրս գալ հիջաբով»,-հայտարարել է նա։