Քաբուլում ԱՄՆ դեսպանության շենքից հանվել է ամերիկյան դրոշը, ինչը դեսպանության տարհանման վերջին քայլն է

Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը, որն այժմ գործում է Քաբուլի օդանավակայանից, ԱՄՆ քաղաքացիներին ապաստան գտնելու կոչ է արել:

«Անվտանգության հետ կապված իրավիճակը Քաբուլում արագ փոխվում է, այդ թվում՝ օդանավակայանում: Տեղեկություններ կան օդանավակայանում կրակոցների մասին. ուստի հրահանգում ենք ԱՄՆ քաղաքացիներին տեղում ապաստան գտնել», – ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը հայտարարել է, որ այն ամերիկացիները, «ովքեր ցանկանում են օգնություն ստանալ երկրից հեռանալու համար, պետք է գրանցվեն ցանկացած տարբերակի համար, որը կարող է որոշվել Միացյալ Նահանգներ վերադառնալու համար» և յուրաքանչյուր անձի համար առցանց ձեւ լրացնեն:

«Աֆղանստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների ամուսինները և անչափահաս երեխաները, ովքեր սպասում են ներգաղթային վիզայի, նույնպես պետք է լրացնեն այս ձևը, եթե ցանկանում են մեկնել», – հայտարարել է դեսպանությունը: «Խնդրում ենք դա անել հնարավորինս շուտ: Սա թռիչքի տարբերակների նկատմամբ ձեր հետաքրքրությունը փոխանցելու միակ միջոցն է», – ասվում է անվտանգության ծառայության նախազգուշացման մեջ:

CNN-ը, վկայակոչելով աղբյուրին, հայտնում է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանության շենքից հանվել է ամերիկյան դրոշը, ինչը դեսպանության տարհանման վերջին քայլն է:

Աղբյուրի համաձայն՝ Աֆղանստանից ԱՄՆ դեսպանության աշխատակիցների դուրսբերումն անհավանական արագ է տեղի ունենում, և ակնկալվում է, որ այս գործընթացը կավարտվի մինչև երեկո, բացառությամբ փոքրաթիվ դիվանագետների, որոնք դեռևս կմնան Քաբուլի օդանավակայանում:

Ներկայումս դեսպանությունում դեռ անվտանգության մի քանի աշխատակիցներ կան, սակայն նրանք շուտով կհեռանան, պարզաբանել է իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրը: