Հույներին օգնության առաջարկ արել ենք․ ԱԳՆ

Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում: Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։ Իհարկե, մենք կշարունակենք ուշի-ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին։

«Արմենպրես» լրատվական գործակալության «Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին» հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։