Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել:

«Բացի դրանից, Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսը ավելացել է, ու քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջեցել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահենք, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը խոսքով` իրավիճակը աննախադեպ է,  օգոստոսի 7-ից մինչև այժմ ջրի խնդրի առաջ են կանգնած: «Սպասում ենք տեղումներ լինեն»,- հավելեց Պողոսյանը:

Հարցին` թե արդյոք ճիշտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Պողոսյանը բացասական պատասխանեց:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փրկարարները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր են բաժանում բնակիչներին:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում