Ադրբեջանի նախկին դեսպանին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան

ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 50 տարով արգելել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք՝ ռուս ժողովրդի մասին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, փոխանցել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնին:

Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վագաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզեր է անվանել:

«Այսօր որոշումներ են կայացվել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուատ Ախմետովի և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը ՌԴ տարածք 50 տարով արգելելու մասին, քանի որ նրանք համացանցում ազգամիջյան պառակտում հրահրող հրապարակային հայտարարություններ են արել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կուատ Ախմետովը հայտարարել է, որ ռուսները, իբր, արհամարհական վերաբերմունք ունեն իր հայրենակիցների նկատմամբ:

«Ռուսաստանի ՆԳՆ-ն նախազգուշացնում է, որ ՌԴ-ի, նրա բնակիչների եւ արտերկրում բնակվող հայրենակիցների հանդեպ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չի տրվի մուտք գործել երկիր՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանում նրանց գտնվելը կարող է սպառնալ հասարակական կարգին եւ անվտանգությանը»: